BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Եվրոպական ֆուտբոլ

Եվրոպական ֆուտբոլ
04.04.2016 | 18:01

Զիդան-Էնրիկե՝ 1:0

Չեմպիոնների ու Եվրոպայի լիգաների այսօր-վաղը կայանալիք հանդիպումներին ընդառաջ ֆուտբոլասերը, ի դեմս «Բարսելոն»-«Ռեալ» դիմակայության, ապշեցուցիչ նվեր էր ստացել: Հիմա թե այդ խաղը ում սիրտն ինչքանով շոյեց կամ ում սիրտն ինչքանով խոցեց, թողնենք մի կողմ, մանավանդ որ համապատասխան տեղում համապատասխան ձևով դրան անդրադառնալու ենք, բայց որ անգլիական առաջնությունում պակաս դիտարժան խաղեր չեղան, սա էլ եկեք չմոռանանք:

ԱՆԳԼԻԱ
Սկսենք «ՈՒոտֆորդի» նկատմամբ 4:0 հաշվով հաղթանակ տարած «Արսենալից», որը ծանրորեն շնչում է երկրորդ հորիզոնականում գտնվող «Տոտենհեմի» ծոծրակին, եթե հաշվի առնենք լոնդոնցիների պակաս անցկացրած մեկ խաղը: Իհարկե, այն երեք միավորով «պսակելու» դեպքում անգամ «Արսենալը» «Տոտենհեմից» երեք միավոր պակաս կունենա (վերջինս չափազանց լարված հանդիպում է ունեցել «Լիվերպուլի» հետ` 1:1, ու ներկայումս ունի 61 միավոր), սակայն չմոռանանք, որ սա Անգլիայի առաջնությունն է, որտեղ ամեն ինչ մեկ վայրկյանում կարող է հիմնովին փոխվել:
Ասենք, որ 4:0-ն բավականին «պոպուլյար» էր տուրում: Նման հաշվով հաղթանակներ են տոնել նաև «Չելսին» ու «Մանչեստր Սիթին»: Առաջինը պարտության է մատնել «Աստոն Վիլային», երկրորդը` «Բորնմուտին»: Ի դեպ` երկուսն էլ արտագնայում: Սակայն ընթացիկ մրցաշրջանում պրեմիեր լիգայի թիվ մեկ թիմը շարունակում է մնալ «Լեստերը», որը աղյուսակի առաջին հորիզոնականն այդպես էլ չի պատրաստվում զիջելու որևէ մեկին: «Աղվեսներն» այս անգամ անհարգալից եղան «սրբերի»` «Սաուտհեմպտոնի» նկատմամբ ու հանդիպումը դարձյալ շահեցին իրենց սիրած 1:0 հաշվով: Նկատենք, որ ընթացիկ առաջնությունում այսպիսի հաշվով հաղթանակը «Լեստերի» համար թվով տասնչորսերորդն էր: Ռանիերիի սաները աղյուսակը գլխավորում են 66 միավորով:

ԻՍՊԱՆԻԱ
Փաստորեն, ստացվեց այնպես, որ նախորդ տուրի «Վիլյառեալ»-«Բարսելոն» դիմակայության ոչ-ոքին լավ էլ չարագուշակ ահազանգ էր «Ռեալի» հետ կատալոնցիների հանդիպումից առաջ: Խաղի մանրամասներին չտրվենք, միայն ասենք, որ «արքայականը» հաղթեց 2։1 հաշվով, ու այդ հաղթանակը տպավորիչ էր: Հուսանք, որ Չեմպիոնների լիգայի մեկ քառորդի շրջանակներում այսօր կայանալիք «Բարսելոն»-«Աթլետիկո» խաղին ընդառաջ կատալոնցիները համապատասխան հետևություններ արած կլինեն, իսկ ինչ վերաբերում է «Ռեալին», նույն Չեմպիոնների լիգայի շրջանակներում «Վոլֆսբուրգի» հետ խաղում նրա ոտքերին էլ կլասիկոյում տարած հաղթանակից հետո պետք է որ ոտքեր բուսած լինեն:
Ամենևին չստվերելով «Ռեալի» հաղթանակը` ասենք, որ «Բարսելոնի» հետ ակնհայտ չար կատակ խաղաց հարձակման գծի եռյակի հոգնածությունը, որը պայմանավորված էր ազգայինների կազմում նրանց ունեցած ոչ այնքան մրցելույթներով (թեև ընթերցողն այս հիշեցման կարիքը չունի, այնուամենայնիվ, նշենք, որ Մեսին ներկայացնում է Արգենտինայի, Նեյմարը` Բրազիլիայի, Սուարեսը` ՈՒրուգվայի ընտրանին), որքան տևական թռիչքներով: Ավելացնենք, որ «արքայականը» հաղթական գոլը խփել է այն բանից հետո, երբ կոպիտ խաղի համար խաղադաշտից հեռացվել է Ռամոսը: Վերջինս հանդիպման տաք հետքերով ասել է, որ եթե իմանար իր հեռացումն այդքան բարերար կարող էր լինել թիմի համար, արդեն հինգերորդ րոպեից կլքեր խաղադաշտը:
Առաջնության շրջանակներում համոզիչ հաղթանակ է տարել «Աթլետիկոն»՝ «Բետիսին» պարտության մատնելով 5:1 հաշվով: Երեսունմեկ տուրից հետո կատալոնցիներն ունեն 76, «Աթլետիկոն»՝ 70, «Ռեալը»՝ 69 միավոր:
ԳԵՐՄԱՆԻԱ
Նախորդ տեսությունների պես այս անգամ էլ կկարողանայինք գրել՝ բունդեսլիգայի առաջատար եռյակը շարունակում է ապրել մնացածներից անկախ կյանքով, եթե չլիներ «Հերտայի» վրիպումը Մյունխենգլադբախի «Բորուսիայի» հետ խաղում, եթե, իհարկե, 0։5 հաշվով պարտությունը կարողանանք ոչ թե ջախջախում, այլ վրիպում որակել: 45 միավոր հավաքած «Բորուսիան» բեռլինցիներից ներկայումս հետ է մնում ընդամենը երեք միավորով, իսկ սա նշանակում է, որ երրորդ տեղի համար կենացները քաղցրանում են, մանավանդ որ խաղաքարտերի «կապուկը» խառնելու պատրաստ էլի թիմեր կան: Ինչ վերաբերում է «Բավարիային», Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» նկատմամբ նվազագույն հաշվով հաղթանակը, բնականաբար, տպավորիչ չես համարի, սակայն եկեք չմոռանանք, որ մյունխենցիները Չեմպիոնների լիգայում քթի տակ խաղ ունեն «Բենֆիկայի» հետ (այդ հանդիպումը, ի դեպ, այսօր է), և ուժեր խնայելը չէր խանգարի:
Հաղթական հանդիպում ունեցան և «Վերդերին» հյուրընկալած դորտմունդցիները, ովքեր, մազ էր մնացել, երեք միավոր կորցնեին: Դրամատիկ այս մրցավեճում բոլոր գոլերը գրանցվել են երկրորդ խաղակեսում, Մխիթարյանն աչքի է ընկել երկու գոլային փոխանցումով՝ 3:2: «Բավարիան» ունի 72, «Բորուսիան»՝ 67 միավոր:


ԻՏԱԼԻԱ
Սեփական հարկի տակ «Էմպոլիի» նկատմամբ նվազագույն հաշվով հաղթանակը «Յուվենտուսին» ավելի ու ավելի մոտեցրեց բաղձալի նպատակին (73 միավոր) ու սրանում իր անուղղակի մասնակցությունն ունեցավ 67 միավորով երկրորդ հորիզոնականում գտնվող «Նապոլին», որը արտագնայում 1։3 հաշվով զիջեց «ՈՒդինեզեին»: Տուրում հերթական հաղթանակը տոնեց «Ռոման»՝ հյուրընկալվելիս պարզապես պատին գամելով «Լացիոյին»՝ 4:1: Եթե նկատի ունենանք, որ իտալական «գայլերը» յոթ միավորի առավելություն ունեն չորրորդ հորիզոնականը զբաղեցնող «Ֆիորենտինայի» նկատմամբ, ավարտին մոտեցող առաջնությունում երրորդ տեղի համար նրանց շանսերը վատ չեն ներկայանում: Սակայն ամբողջ հարցն այն է, որ «Ռոման» ընդամենը չորս միավորով է հետ մնում «Նապոլիից» ու հաստատ փորձ կանի հնարավոր բրոնզն արծաթի վերածելու համար: Բոլոր դեպքերում, իտալական Ա սերիայում սպասվում են դրամատիկ զարգացումներ:

ՖՐԱՆՍԻԱ
Հայտնի է, որ ընթացիկ մրցաշրջանի չեմպիոնությունը վաղօրոք նվաճած երկրի գործող չեմպիոնը հավելյալ միավորներ վաստակելու անհրաժեշտություն չունի, սակայն «Նիցցայի» հետ խաղում դա «Պարի Սեն Ժերմենին» չխանգարեց ագրեսիվ տանտեր լինելու՝ 4:1՝ միավորների թիվը հասցնելով 80-ի: Գուցե սույնը Լորան Բլանի սաների համար «Մանչեստր Սիթիի» հետ վաղը կայանալիք հանդիպումից առաջ նշանառությունը ճշգրտելու փորձարկում էր, սակայն փաստը մնում է փաստ, որ դրանից խստագույնս տուժեց մրցակիցը, որ 50 միավորով երրորդ տեղում էր ու մեդալների ախորժակ է փայփայում: Իհարկե, այն դեռևս կորսված չէ, բայց որ «Նիցցայի» այս սայթաքումից լավագույնս օգտվեց «Լորիանին» մրցակից ունեցած «Լիոնը», վկայում են խաղի արդյունքն (3։1) ու վերջիններիս անվան դիմաց արձանագրված 52 միավորը: Տուրը բարեբաստիկ չեղավ նաև 55 միավորով երկրորդ տեղում գտնվող «Մոնակոյի» համար, որից «Բորդոն» կորզեց երեք միավոր՝ (2։1) ու անուղղակիորեն սրեց արծաթե մեդալների համար պայքարը:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 958

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ